ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի քննարկմանը, նրանք լքեցին ԱԺ դահլիճը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի քննարկմանը, նրանք լքեցին ԱԺ դահլիճը

Մեկնարկել  է ԱԺ արտահերթ նստաշրջանը:

Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:

Նիստի սկզբում վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որը հայտնեց՝ հարցը քննարկվում է Սեյրան Օհանյանի հարգելի բացակայության պայմաններում, և այդ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցությունը, վստահ է նաև՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, չեն մասնակցի:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատեց՝ մինչ այս պահը ինքը որևէ փաստաթուղթ չի ստացել Սեյրան Օհանյանի առողջական վիճակի հետ կապված և հիմք չունի նրա բացակայությունը հարգելի համարել: 

«Գոյություն ունի փաստաթուղթ, գաղափար, և ձեր ու իմ ցանկությունից վեր գոյություն ունի օրենք: Ձեր քաղաքական գնահատականը հարգելով՝ դուք արդեն ասացիք, որ չեք մասնակցելու, շնորհակալ եմ ձեզ դրա համար»,- ասաց Սիմոնյանը: 

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս հայտնեց՝ հաշվի առնելով Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծված իրավիճակը և իրենց գործընկերների մոտեցումները՝ իրենք նույնպես չեն մասնակցի նրա հարցով քննարկմանը: 

Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները հեռացան նիստերի դահլիճից:

«Ի միջի այլոց, ես ձեզ մի բան ասեմ մինչև դահլիճը կլքեք: Ես ձեզ համար եմ սա ասում, եթե չեմ սխալվում՝ պարոն Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի գործը գրեթե նույն գործն են, և փաստացի դուք նաև բաց եք թողնում պարոն Արծվիկ Մինասյանի գործը»,- ասաց ԱԺ նախագահը: 

  • Կիսվել: