երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Այս նախագծով որևէ մեկից ազատվելու միտում չունենք. Սոնա Ղազարյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի նախագծի մասին

Այս նախագծով որևէ մեկից ազատվելու միտում չունենք. Սոնա Ղազարյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի նախագծի մասին

Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը: Խորհրդարանը քննարկում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն իր ելույթում նշեց՝ համամիտ է նախագծի բուն էությանը, ընդգծեց՝ անհրաժեշտություն է գործընթաց մեկնարկելը, բայց թե ինչ հիմնավորումներով են համեմել իր գործընկերները այդ նախագիծը, դրանք համարեց անիրատեսական:
 
«Ստեղծում են, այո՛, կեղծ ակնկալիքներ մեր հասարակության մոտ, և ցավով պետք է նշեմ, որ ընդդիմության շեշտադրումները այսօր կրկին նպաստեցին նրան, որպեսզի հասարակությունում ձևավորվեն այն կեղծ պատկերացումները, թե սա անվտանգային նախաձեռնություն է, կփոխի ՀՀ անվտանգային ճարտարապետությունը»,- ասաց պատգամավորը:
 
Դիմելով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին՝ ներկայացրեց իր դիտարկումները, թե ինչին համաձայն չէ:
 
«Ցավով պետք է նշեմ, որ հիմնավորումների մեջ ես տեսնում եմ, որ դուք նույնպես, ինչպես նախկինում  մեր ընդդիմությունը, Իրական Հայաստանի կոնցեպտից շեղվում եք: Մենք շարունակում ենք տարածաշրջանային գործունեությունը, շարունակում ենք կարգավորել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, փորձում ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Կարգավորում ենք մեր հարաբերությունները և նոր օրակարգ ենք ստեղծում Ընդլայնված հարևանության հետ, ինչպես հայ-ռուսական հարաբերությունները»,- նշեց Ղազարյանը՝ ընդգծելով, որ մենք այս նախագծով որևէ մեկից ազատվելու միտում չունենք:
 
Նրա խոսքով՝ այս նախագիծը մեզ որևէ տեղ չի տանում կամ որևէ մեկից չի պոկում:
 
ՔՊ պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել այս նախագծին:
 
«Սա բալանսավորման և բալանսավորված քաղաքականության օրինակ է, սա ոչ մեկի դեմ չէ, ԵՄ-ն իր բովանդակությամբ խաղաղության և տարածաշրջայնացման մասին է»,- ասաց Ղազարյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին կատարած աշխատանքի համար:

  • Կիսվել: