Այո՛, թող բենզին, ցորեն բերեն, բայց չմոռանան, որ Թուրքիան չի հրաժարվել իր դարավոր պլաններից. Աղազարյան
Այո, սպառազինություն ձեռք է բերվել, իսկ ռազմական ծախսերը ինչո՞ւ են քչացել. Քչացել են, որովհետև չեն պատրաստվում կռվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին, Բանակի օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ից հեռացված ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով նրան, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ աննախադեպ քանակությամբ զենք զինամթերք է ձեռք բերվել, նախկինում երբևէ այդ քանակությամբ զենք զինամթերք ձեռք չի բերվել։
Խոսելով գումարի դիմաց զինծառայությունից ազատվելուն կամ քիչ ժամկետով ծառայելուն, նա ասաց. «Մենք ուրիշ ծրագիր բերել ենք, մենք դեմ ենք եղել, որ փողով բանակիղ ազատվեն մարդիկ, որ պարտավոր են բոլորը առնվազն գոնե 6-8 ամիս ծառայեն, սովորեն զինվոր դառնալ, դրանից հետո իրենք որոշեն՝ ուզում են ծառայել, թե չէ։
Ինչ վերաբերում է 1.5 տարի ծառայելուն, ես կասեի՝ նույնիսկ ավելի քիչ պետք է ծառայել, որովհետև մենք գնում ենք պրոֆեսիոնալ բանակի։ Իսկ այդ վեց-ութ ամիսը պետք է, որպեսզի տվյալ անձը, երիտասարդը, ուղղակի զինվոր դառնա, ոչ թե զինվորական, այլ զինվոր դառնա»։
Իր հերթին ՔՊ–ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց. «Մենք որևէ հողային կամ այլ նկրտում չունենք մեր հարևան պետությունների նկատմամբ, հետևաբար մենք մեր ռազմական ծախսերը պետք է ուղղենք պաշտպանական խնդիրների լուծմանը, և եթե այդ ամենը ճիշտ կառավարվի, ապա պարտադիր չի, որ մենք հավասարաչափ միջոցներ ներդնենք։ Կարելի է նույնիսկ մի քանի անգամ քիչ միջոցներ ներդնել, բայց հասնել այն խնդիրների լուծմանը, որ կա։ Այդ պարիտետը գոնե պետք է պահպանվի։
Մենք չպետք է մոռանանք, որ մեր հարևանները, որոնց հետ պետք է կամաց–կամաց հարաբերությունները լավացնենք, իրենց դարավոր պլաններից չեն հրաժարվել։ Հետևաբար մենք պետք է պատրաստ լինենք հակազդեցության։ Կարելի է շարունակել բենզին բերել, ցորեն բերել, ինչ ուզում են անեն, բայց երբեք չմոռանալ, որ 100 տարի առաջվա, 200 տարի առաջվա Թուրքիայի պլանները բացարձակապես չեն փոխվել»։


