Այո, Մայիլյանն էլ դասալիք է, բայց մե՜ր դասալիքն է․ Վահրամ Աթանեսյանը պատասխանում է Սամվել Բաբայանին
Սամվել Բաբայանի անունից ,,Առավոտ,, օրաթերթում մի նյութ է հրապարակվել, որտեղ որակված եմ, որպես «դասալիք», գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։
«Արցախյան պատերազմի տարիներին եղել եմ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր եւ զորակոչից ազատվել եմ օրենքով: Բարոյական խնդիր, ինչ խոսք, կա, բայց խիղճը շատերին պիտի տանջի, եթե մեր վարքը գնահատելու լինենք այն դիտանկյունից, թե՝ օրենքը՝ օրենք, դու ինչու՞ չկամավորագրվեցիր: Բայց նման դիսկուրսի տեղ ՊԲ նախկին հրամանատարն արդեն չի թողել, որովհետեւ նախագահի պաշտոնի համար մրցապայքարում սատարում է ոչ թե իր մարտական ընկերոջը, այլ մեկին, ով նույնպես չի կամավորագրվել պատերազմին, օգտվել է սահմանված կարգով տրված արտոնությունից:
Ընդ որում, լինելով ինձնից բավական երիտասարդ: Հիմա ինձ դասալիք որակողն ինչու՞ է գերագույն գլխավոր հրամանատար տեսնում մեկին, որ ինձ նման զենք բռնած, Արցախյան պատերազմում կռված չկա: Տրամաբանությունը ո՞րն է: Դասալիք Վահրամ Աթանեսյանն իրավունք չունի անհարմար հարցեր տալ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանին, իսկ դասալիք Մասիս Մայիլյանը կարող է օգտվել նրա հեղինակությունից եւ հավակնել պատերազմող Արցախի նախագահի պաշտոնի՞ն: Տրամաբանության չկա, գործում է մի սկզբունք. «Այո, Մայիլյանն էլ դասալիք է, բայց նա մե՜ր դասալիքն է»: Ինչպես ռուսն է ասում՝ за Державу обидно:
Հ.Գ. Երբ 1995թ. հունվարին ինձ նշանակում էր ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթի խմբագիր եւ շնորհում լեյտենանտի զինվորական կոչում, Սամվել Բաբայանը չգիտե՞ր, որ դասալիք եմ»,- գրում է Աթանեսյանը:


