Արտագաղթի հիմնական պատճառը կապված է տարածաշրջանում կոնֆլիկտային միջավայրի հետ․ վարչապետ
Հայաստանում արտագաղթի հիմնախնդիրը 1990-ականներից ի վեր քննարկվող հարց է, որի պատճառները հաճախ կապվում են սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրների հետ, սակայն դրանք արտագաղթի իրական պատճառների միայն փոքր մասն են կազմում։ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ արտագաղթի հիմնական պատճառները պետք է փնտրել տարածաշրջանային կոնֆլիկտային հարաբերությունների և դրանց հետևանքների մեջ։
«Մինչև հիմա մեր թվարկած պատճառները, որոնք ճշմարիտ և ընդունված են, դրանք պատճառների 10-20 տոկոսն են։ Եկեք խոստովանենք, ի վերջո, որ արտագաղթի պատճառները 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։ Արտագաղթի առաջինից տասնմեկերորդ պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ սոցիալական դժվարությունները, արդարության պակասը և տնտեսական խնդիրները նույնպես կապված են կոնֆլիկտային միջավայրի հետ, ինչը երկար տարիներ չի քննարկվել հասարակական դիսկուրսում։
«Այո, 12-րդ պատճառը կարող է լինել սոցիալական բարդությունը, բայց եկեք ասենք, որ այդ սոցիալական բարդությունների մեծ մասը կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ։ 13-րդը կարող է լինել արդարության պակասը, բայց այդ արդարության պակասը նույնպես որոշ տեղերում և որոշակի չափով կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ։ Մենք չենք խոսել այդ կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհասարակական, ներհայաստանյան պահվածքի, կարգավիճակի մասին։ Մենք չենք խոսել դրա մասին։ Մենք պետք է խոստովանենք, որ այս իրադրության պատճառով ՀՀ քանի քաղաքացի է թողել ու գնացել»,-եզրափակեց Փաշինյանը։