ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Առողջության համընդհանուր ապահովագրությունն ավագ սերնդի ներկայացուցիչների համար ամենաէական բարելավումներից է. Թորոսյան

Առողջության համընդհանուր ապահովագրությունն ավագ սերնդի ներկայացուցիչների համար ամենաէական բարելավումներից է. Թորոսյան

Քանի որ ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց շատ ծախսեր իրականացնում են առողջապահության վրա, մենք որոշել ենք այդ հարցը հոգալ, այդ ծախսը վերցնել մեզ վրա: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կենսաթոշակառուների սոցիալական վիճակի բարձրացմանն առնչվող ծրագրերին:

«Քանի որ առողջության համընդհանուր ապահովագրության վճարը 10800 դրամ է 200 հազար դրամից բարձր ստացող քաղաքացիների համար, մյուս քաղաքացիների համար պետբյուջեից է փոխանցվում այդ 10800 դրամը, ինչը, փաստացի, կարելի է ասել, որ մենք մեր կենսաթոշակառուների թոշակը բարձրացրել ենք 10800 դրամով, որը չենք տալիս իրենց ուղիղ, այլ տալիս ենք Առողջության ապահովագրության հիմնադրամին, և երբ ծագի խնդիր, այդ խնդիրը կլուծվի»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ առողջությանն առնչվող խնդիրները երբեք չեն լինում 10 հազար դրամի: Այդ ծախսերը կարող են լինել հարյուր հազարավոր դրամների, որովհետև 100 հազար դրամից էժան բժշկական միջամտություն չկա: Լինում են նաև միլիոնավոր դրամների բժշկական միջամտություններ:

«Կարծում եմ՝ սա մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար ամենաէական բարելավումներից է 2026 թվականի՝ հաշվի առնելով նաև մնացած բարելավումները, և դա մեծ օգուտ է տալու իրենց ու իրենց ընտանիքներին: Իրենք փաստացի չեն ծախսելու այն, ինչ պոտենցիալ պիտի ծախսեին, և իրենց ազատ միջոցներն օգտագործելու են այլ ծախսերի վրա»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ խորհրդարանը ընդունել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը ներդրվելու է փուլային տարբերակով՝ 3 տարվա ընթացքում:

Ապահովագրության փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129600 դրամ:
2026 թվականին պետությունն ամբողջովին վճարելու է մինչև 18 տարեկան երեխաների, ֆունկցիոնալության սահմանափակումներ ունեցող քաղաքացիների, հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող անձանց, սոցիալապես անապահով խմբերի, զոհված զինածառայողների ընտանիքների, ինչպես նաև 65+ տարիքի անձանց ապահովագրության գումարը:
 
«Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և հիմնադրամի պաշտոնական կայքերում կլինեն ապահովագրական փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկեր:

  • Կիսվել: