երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Արմեն Սարգսյանը  Հունաստանի նախագահին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը

Արմեն Սարգսյանը Հունաստանի նախագահին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի և Պրոկոպիոս Պավլոպուլոսի հանդիպումը: 

«Մեծարգո պարոն նախագահ, սիրելի բարեկամ, բարի եք եկել Հայաստան, բարի եք եկել Ձեր տուն,-դիմելով Հունաստանի նախագահին՝ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:-Մեր ժողովուրդների բարեկամությունն ավելորդ բառերի կարիք չունի, որովհետև հազարամյակներն ապացուցել են, որ մեր ժողովուրդները ձեռք ձեռքի ստեղծել են և՛ մշակույթ, և՛ կրթություն, և՛ պատմություն: Ունեցել ենք և՛ մեծ հաղթանակներ, և՛ մեծ դժբախտություններ՝ շատ հաճախ միասին: Ձեր այցելությունն այսօր Հայաստանի Հանրապետություն նաև պատմական է, քանի որ մենք ոտք ենք դնում նոր՝ 21-րդ դար: Աշխարհը փոփոխվում է և փոփոխվում է շատ արագ, սակայն այն ժողովուրդները, որոնք ունեն համատեղ աշխատելու, պայքարելու և՛ պատմություն, և՛ ցանկություն, հանդես են գալու որպես հաջողակ երկրներ և դժվարին պայմաններում, անընդհատ փոփոխվող իրավիճակներում կարողանալու են գտնել ճիշտ որոշումներն ու ճիշտ լուծումները»:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես հետաքրքիր է համարել Հունաստանի՝ որպես Եվրամիության անդամ երկրի և Հայաստանի՝ որպես Եվրամիության հետ ավելի խորը հարաբերություններ ստեղծող ու ԵԱՏՄ անդամ երկրի փորձերը:

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: «Երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերություններն ամուր են և խորը: Մենք ունենք հարաբերությունները զարգացնելու բավականին մեծ հնարավորություն: Մենք շատ ընդհանրություններ ունենք, բայց ունենք նաև ընդհանուր ցավ: Մենք բավականին լավ գիտենք և գիտակցում ենք անկախության ու ժողովրդավարության արժեքը և Ցեղասպանության ճանաչման համար պայքարի կարևորությունը», -ասել է նա:

Այնուհետ երկու երկրների նախագահների համատեղ ասուլիսում Արմեն Սարգսյանը ներկայացրել է արցախյան հակամարտության հարցը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ ձեր կառավարությունն ու դուք անձամբ տալիս եք Արցախի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ զբաղվող միջազգային միակ ձևաչափին` ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը: Ընդամենը մի քանի րոպե առաջ ես ձեզ մանրամասն ներկայացրեցի, թե ինչպես են ընթանում բանակցությունները Արցախի հիմնահարցի շրջանակներում: Բանակցությունները վարում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Կիսում եմ ձեր մոտեցումը, որ միջազգային իրավունքը կարևոր է, և գերակա: Կիսում եմ նաև մեր քննարկումն այն բանի մասին, որ յուրաքանչյուր խնդիր ու հակամարտություն իրապես յուրօրինակ է, և շատ դժվար է և պատմական, և քաղաքական, և միջազգային իրավունքի սահմաններում դնել և համեմատել որոշումները կամ լուծումները: Այդ լուծումները պետք է գտնել համամարդկային արժեքների և իրավունքի սահմաններում»,- ասաց Սարգսյանը:

  • Կիսվել: