Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք Մոսկվայի հետ հակադրության մեջ. Գալուզին
Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք Մոսկվայի հետ հակադրության մեջ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա, մասնավորապես, նշել է. «Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել է, որ Հայաստանի գիծը չի ենթադրում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանն արագացնում է ռազմաքաղաքական ու տնտեսական մերձեցումն արևմտյան երկրների ու միավորումների հետ։ Մեր հայ գործընկերներին բազմիցս ասել ենք, որ Արևմուտքի համար (ինչն այնտեղ արդեն չեն թաքցնում) Հայաստանն աշխարհաքաղաքական պայքարի գործիք է Մոսկվայի հետ հակադրության մեջ»:
ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը հավելել է, որ Երևանում գիտեն Մոսկվայի սկզբունքային գնահատականները ԵՄ-ին անդամակցելու և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության անհամատեղելիության մասին։ Նա ընդգծել է, որ այլ ինտեգրացիոն միավորման կարգավորումներին անցնելու դեպքում Երևանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի և կանոնների պահպանումը, ինչը հղի է համապատասխան հետևանքներով։
«Հույս ունենք, որ հանրապետությունում կառաջնորդվեն պրագմատիզմով. հայկական տնտեսության աճի բարձր տեմպերը, գնաճի ցածր մակարդակը, կայուն ազգային արժույթը, հայկական արտադրանքի սպառման ընդարձակ շուկան. այս ամենի գրավականը Ռուսաստանի հետ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունն է»,-ասել է պաշտոնյան:
Գալուզինը նաև նշել է, որ Ռուսաստանը, ինչպես և նախկինում, Երևանին համարում է Մոսկվայի բնական դաշնակիցը Հարավային Կովկասում։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ռազմավարական կարգավիճակն ամրագրված է հարուստ իրավապայմանագրային հենքով։
«Մենք միշտ կողմ ենք եղել ուժեղ և իսկապես ինքնիշխան հայկական պետությանը։ Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցությունն այլընտրանք չունի։ Մեր երկրների ու ժողովուրդների միջև ամուր կապերը մեծապես ձևավորում են հանրապետության և ընդհանուր տարածաշրջանի կայուն զարգացման հիմքը։ Երկկողմ համագործակցությունը, համակարգված աշխատանքն ընդհանուր եվրասիական կառույցների շրջանակում Հայաստանի ապագա բարգավաճման գրավականն են»,-ասել է նա:


