ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արդարադատության նախարարությանը հորդորում եմ հնարավորինս արագ հրաժարվել մարդու իրավունքները կոպտորեն խախտող նախագծից. Մարուքյան

Արդարադատության նախարարությանը հորդորում եմ հնարավորինս արագ հրաժարվել մարդու իրավունքները կոպտորեն խախտող նախագծից. Մարուքյան

Նորություն չէ, որ Արդարադատության նախարարությունը առաջարկել է օրենսդրական նախագիծ, համաձայն որի՝ ֆիզիկական անձի կամ բիզնեսի նկատմամբ վարչական ակտի վիճարկումը չի դադարեցնելու դրա վճարման պարտավորությունը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

՛՛Այսինքն, եթե հարկային մարմինները լրացուցիչ հարկ կամ տուգանք սահմանեն, այն պետք է վճարվի մինչև դատարանի վերջնական որոշումը, անկախ նրանից՝ որոշումը բողոքարկվում է, թե ոչ։

2019-2024 թվականների տվյալներով՝ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պարտվել է իր դեմ հարուցված դատական գործերի զգալի մասը։ 10 779 հայցերից 7 163-ի դեպքում դատարանը որոշել է հայցվորների օգտին։ Սա ցույց է տալիս, որ ՊԵԿ-ի որոշումների զգալի մասը հետագայում ճանաչվել է անհիմն։ Միևնույն ժամանակ, վարչական գործերի քննությունն առաջին և վերաքննիչ ատյաններում միջինում տևում է ավելի քան երկու տարի, որի ընթացքում վիճարկվող գումարները մնում են սուբյեկտների տնօրինումից դուրս։ Սա կարող է ազդել նրանց ֆինանսական վիճակի վրա, հատկապես խոշոր գումարների դեպքում։

Եվ ահա երեկ Արդարադատության նախարարը հայտարարեց, որ հանրային քննարկման է հրավիրում այս օրենսդրական նախագծի շուրջ։

Ես գտնում եմ, որ քննարկելու բան չկա։ Արդարադատության նախարարությունը պարզապես պետք է ետ կանչի այս նախագիծը և հաջորդ անգամ նման խայտառակ առաջարկներով հանդես չգա։

Հասկացեք վերջապես, դուք խախտում եք անմեղության կանխավարկածի սկզբունքը, քանի որ օրենսդրական նախագիծը նախատեսում է վճարման պարտավորություն մինչև դատարանի վերջնական որոշումը։

Սա հակասահմանադրական վարչարարություն է, և իրեն ժողովրդավարական հռչակած ոչ մի իշխանություն նման օրենք ընդունելու իրավունք չունի։

Արդարադատության նախարարությանը հորդորում եմ հնարավորինս արագ հրաժարվել մարդու իրավունքները կոպտորեն խախտող այդ նախագծից՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: