Արցախցիների հնարավոր ընդվզումը կանխելու համար են նրանց դեմ ատելության մթնոլորտ ստեղծում. Վարդանյան
Իշխանությունը չէ, որ պետք է ինչ-որ փոքր սենյակում մի քանի հոգանոց խմբակով որոշի, որ արցախյան շարժումը փակվել է, թե չէ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Ես հասկանում եմ, որ իշխանությունն իր այդ հայտարարություններով փորձում է բավարարել Ալիևի բոլոր ցանկություններն ու պահանջները և Ալիևին ցույց տալ, որ մենք այլևս քեզ համար որևէ սպառնալիք չենք, մեզ համար այլևս Արցախը գոյություն չունի, բայց դա մի քանի հոգանոց խմբակի որոշումն է, և նրանք չեն կարող այդ որոշումը պարտադրել ողջ հայությանը»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ վտանգ են ներկայացնում արցախցիները իշխանությունների համար, որ նրանց հանդեպ ատելություն է գեներացվում, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Այստեղ իրականում կա պատվախնդիր արցախցիների շատ մեծ թիվ և իրենք հենց սկզբից փորձեցին արցախցիներին սփռել ամբողջ Հայաստանում, որպեսզի համայնք չձևավորվի: Այս պահին էլ տեսնում են, որ արդեն շոկից դուրս են գալիս արցախցիները և իրավունք ունեն դնելու իրենց պահանջները, այդ թվում պահանջելու ՀՀ իշխանություններից տեր կանգնել վերադարձի իրավունքին: Այս ամեն ինչ կանխելու համար փորձում են ստեղծել ընդհանուր մթնոլորտ:
Երբ հարցը հասնում է իրենց աթոռին, իրենք պատրաստ են գնալ ցանկացած հրեշավոր մեխանիզմների գործադրման, միայն շարունակեն մնալ իրենց աթոռին։
Երբ իշխանությունն արցախցուն ասում է՝ դե գնա ոնց ուզում ես գլուխդ պահի, տուն չունես, տնից զրկվել ես հենց իրենց մեղքով, ապրուստ չունես, աշխատանքից և բոլոր հնարավոր ապրուստի միջոցներից զրկվել ես իրենց քաղաքականության պատճառով, դե հիմա էլ գնա գլխիդ ճարը տես, բա չբողոքի՞ արցախցին»:
Դիտարկմանը, որ գուցե ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը որոշի մեկ ամսվա իրենց աշխատավարձը, պարգևավճարները, այդ անհասկանալի 250 000 դրամ ձեռքի ծախսերը հավաքեն և արցախցիներին որևէ խմբի օգնեն, Էլինար Վարդանյանն ասաց. «Գիտեք, ես չեմ սիրում այդ հարցերի վերաբերյալ հրապարակային խոսել, բայց եթե դուք այսպես հարցնեք յուրաքանչյուր պատգամավորից, այո, յուրաքանչյուր պատգամավոր, այս ընթացքում, սկսած 2023 թվականից, մինչև հիմա, շարունակում է տարբեր հարցերում օգնել Արցախի մեր հայրենակիցներին, բայց գիտեք, դրա մասին խոսելը և հայտարարելը, իմ կարծիքով պարզապես անբարոյականություն է: Ոչ մեկն օգնության խնդրանքին չի արձագանքում հետո դրա վերաբերյալ հրապարակային խոսելու համար։ Հետևաբար սրանով ես կսահմանափակվեմ և չեմ մանրամասնի, թե ով ինչ է արել արցախցիների համար»:
Հարցին ինչու միլիոնատեր մեծահարուստ Ռոբերտ Քոչարյանը հիմնադրամ չի բացում արցախցիներին օգնելու համար, նա արձագանքեց. «Ես այդ հարցին չեմ պատասխանելու, որովհետեւ դուք սկսում եք նման շեշտադրումով: Ես կարծում եմ, որ հիմնադրամով լրացուցիչ օղակ ստեղծելու անհրաժեշտություն չկա, որովհետև 2023 թվականից միգուցե նաև դրանից ավելի վաղ, յուրաքանչյուրը, այդ թվում նաև Արցախի համար պայքարած Ռոբերտ Քոչարյանը և մյուսները, արել են հնարավորինս Արցախի մեր հայրենակիցներին օգնելու համար։ Դրա մասին բարձրաձայնելը, ես կարծում եմ բարոյական նորմերից դուրս է»: