Ապոկալիպտիկ մտքեր են ասում. Հասկանում եմ ՔՊ-ի հուզառատությունը, որ Գյումրիում այլևս իշխող ուժ չէ. Ռուբեն Մխիթարյան
Այսօրվա արդյունքը ոչ լավ, ոչ վատ է. Գնահատում եմ տրամաբանական, որովհետև եղել է չորս խմբակցության հայտարարությունը, և այդ չորս խմբակցությունն իրենց հայտարարությունների տերը եղան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը:
«Գյումրին այլևս ունի նոր քաղաքապետ, Գյումրին ունի նոր ավագանու կազմ, աշխատանքային հետագա ընթացքը ցույց կտա, թե դեպքերն ինչպես կզարգանան»,-ասաց նա:
Լրագրողի հարցին, թե ՔՊ քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը հայտարարել էր, որ Գյումրին պետք է գնա արտահերթ ընտրությունների ՝ արդյոք համաձայն է այդ մտքի հետ՝ պատասխանեց .«Դե, դա իր կարծիքն է, ճիշտ կլինի իրենցից ճշտեք, թե ինչու են նման բան ասում, ես նման բանի կարիք չեն տեսնում ու զգում: Բոլորս մեր ընտրողների քվեների տերն ենք:
Ես հայտարարել եմ, որ եթե ընտրություններում չեմ ստանալու առավելագույն ձայներ, ապա աջակցելու եմ ընդդիմադիր, առավելագույն ձայներ հավաքած թեկնածուին, ինչ ասել ենք, դա էլ արել ենք: Մենք մասնակցություն չենք ունենալու գործադիրում, ավագանու բոլոր նիստերին մասնակցելու ենք, եթե չլինի ֆորսմաժորային իրավիճակ՝ առողջական խնդիրների հետ կապված», - ասաց Մխիթարյանը:
Նրա խոսքով՝ ավագանու հաջորդ նիստին կտեսնեն, կա՞ ճգնաճամ, թե ոչ. «Ժամանակից շուտ ապոկալիպտիկ մտքեր են արտահայտում: Հասկանում եմ նաև հուզառատությունը մի ուժի, որը Գյումրիում այլևս իշխող ուժ չէ», -ասաց Մխիթարյանը:
Անդրադառնալով վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի այն արտահայտության հետ՝ թե գյումրեցու գլխից մազ պակասեց պատասխան եք տալու, նա ասաց. «Չգիտեմ Նազելի Բաղդասարյանն ինչի մասին էր խոսում, ու չգիտեմ որ մարդու որ մազին նկատի ունի, եթե գիտի կոնկրետ մարդ, որի գլխից կոնկրետ մազ է պակասելու՝ ճիշտ կլինի դիմեն ուժայիններին, որ հենց այդ մարդու նկատմամբ կոնկրետ հսկողություն սահմանեն ու այդ մարդու մասին շատ ուշադիր վերաբերվեն»:
Անդրադառնալով նորընտիր քաղաքապետին՝ ասաց. «Պարոն Ղուկասյանը փորձելու է լինել բոլոր գյումրեցիների քաղաքապետը, այլ ոչ թե միայն ընդդիմադիրներին ձայն»: