երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Աննա Կարապետյանը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը

Աննա Կարապետյանը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
 
Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, այդ թվում՝ բյուջետային աջակցության և ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրագործման և նորացման շրջանակներում, ընդգծել է հանդիպման կարևորությունը՝ ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի կազմման համատեքստում: Աննա Կարապետյանը ներկայացրել է առկա առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը հակակոռուպցիոն, դատաիրավական, անձնական տվյալների պաշտպանության, իրավական փոխօգնության, քրեակատարողական և պրոբացիայի,խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում:
 
Նախարարության ոլորտային պատասխանատուները ներկայացրել են նշված ոլորտներում գրանցած արդյունքները, առկա իրավիճակը և նախատեսվող հետագա քայլերը, որին հաջորդել է փորձագետների ներգրավմամբ հարց ու պատասխանի փուլը:
 
Նախարարությունը, ի թիվս այլնի, կարևորել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների ձևավորումը, բարեվարքության ստուգման գործիքակազմերի ներդնումը, ազդարարման համակարգի կատարելագործումը, քրեական օրենսդրության բարելավումը, պրոբացիայի համակարգի ներդնումն ու կատարելագործումը, քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման պայմանների և վերասոցիալականացման միջոցառումների բարելավումը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական նախաձեռնությունները և դրանց առնչությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, իրավահավասարության ապահովման նպատակով իրազեկման աշխատանքները, խտրականության դեմ պայքարի համապարփակ ռազմավարության և անձնական տվյալների պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները:
 
Հիշեցնենք, որ փորձագիտական առաքելության այցերի հիման վրա մշակվելու է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագիրը:
 

  • Կիսվել: