ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Անկարան աջակցություն կհայտնի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրին. դիվանագիտական աղբյուր

Անկարան աջակցություն կհայտնի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրին. դիվանագիտական աղբյուր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային պլատֆորմի հանդիպման ժամանակ, որին կմասնակցեն Հայաստանի եւ ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը, կընդգծի Անկարայի աջակցությունը Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստիին» դիվանագիտական աղբյուրն Անկարայում։

«Սպասվում է, որ իր ելույթում նախարար Ֆիդանը կհայտարարի այն մասին, որ Անկարայի ջանքերն ուղղված են խաղաղության եւ կայունության հաստատմանը Կովկասում։ Սպասվում է, որ շեշտը կդրվի այն բանի վրա, որ տարածաշրջանային պատասխանատվությունը խնդիրների լուծման առավել արդյունավետ միջոցն է։ Նախարարը կընդգծի, որ Թուրքիան աջակցում է գործընթացին, որին զուգահեռ ընթանում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Դիվանագիտական աղբյուրի խոսքով՝  հանդիպման մասնակիցները կընդունեն համատեղ հայտարարություն՝ ընդգծելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։

«Հանդիպման ավարտին մասնակից երկրները նախատեսում են ընդունել համատեղ հայտարարություն։ Հայտարարության տեքստում կընդգծվի տարածաշրջանի երկրների միջեւ խնդիրները երկխոսության ճանապարհով լուծելու որոշման անհրաժեշտությունը՝ ելնելով ՄԱԿ Կանոնադրությունում ամրագրված սկզբունքներից»,- տեղեկացրել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հայտարարության տեքստում նախատեսվում է նաեւ շեշտը դնել տարածաշրջանային տնտեսական համագործակցության, վստահության ամրապնդման եւ բարեկեցության բարձրացման անհրաժեշտության վրա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: