երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով, Արեգնազ Մանուկյանի կալանքը՝ 1 ամսով

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով, Արեգնազ Մանուկյանի կալանքը՝ 1 ամսով

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս երեք ամսով, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքը՝ 1 ամսով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

Հիշեցնենք, որ Թևանյանն առաջին անգամ երկու ամսով կալանավորվել էր 2026 թվականի մայիսի 23-ին։

Դատախազը Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով։ Թևանյանը չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը։

Հուլիսի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Թևանյանի նախնական կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքը։ Փաստաբանական թիմը հայտարարել էր որոշումը Վճռաբեկ դատարանում վիճարկելու մտադրության մասին։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: