շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ամեն այդպիսի տափակ տեսարանից պետք չէ, որ հանրությունը ցնցվի. Փաշինյանը՝ հրապարակում երգողների մասին

Ամեն այդպիսի տափակ տեսարանից պետք չէ, որ հանրությունը ցնցվի. Փաշինյանը՝ հրապարակում երգողների մասին

Ես կարծում եմ, որ ՀՀ-ի դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ. ինչ-որ դուք հիմա ասում եք, դա հիբրիդային պատերազմի մաս է։ Այդ մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի՝ հարցին։

«Հայաստանի կառավարությունը օտար տեղերից է կառավարվում, գրում են՝ դուք ուղղակի չգիտեք՝ ինչի եք մասնակցում։ Այդ թվում Ձեր գործունեության շնորհիվ շատ մարդիկ Հայաստանն ի ցույց են դնում որպես ռևանշիստության, ագրեսիվության օջախ։ Ձեր խմբակցությունից հնչում են նախադասություններ, որոնք դուք չգիտեք՝ որտեղ և ինչ ձևով են ձևակերպվել: Ես գիտեմ՝ ձեր բերանից հնչեցվելուց առաջ այդ նախադասությունները ուրիշ տեղերում հնչում են իմ ներկայությամբ»,- նշեց նա։

«Այդ ակցիայի նպատակը (Հանրապետության հրապարակում օտարերկրյա խմբի երգի հետ կապված) ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ. դա Հայաստան-Իրան հարաբերությունների մեջ պրոբլեմներ առաջացնելու համար է։

Որովհետև այդ երգի կատարողները ԻԻՀ-ից են։ Ես չեմ զարմանա, որ եթե պարզվի, որ ձեր շրջանակներից այդ մարդկանց վճարել են, տարել են կանգնացրել են, երգել են տվել, նկարել են տվել, համացանց են գցել, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններում պրոբլեմ առաջացնեն։

Ամեն այդպիսի տափակ տեսարանից պետք չէ, որ հանրությունը ցնցվի»,- ասաց վարչապետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ մարդիկ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգել են ՛՛Ղարաբաղ՛՛ երգը: Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ նրանք Իրանի քաղաքացիներ էին:

  • Կիսվել: