Ալիևը չէ, որ պետք է թելադրի, թե Հայաստանն ինչ անի. Արմեն Խաչատրյան
Ամեն անգամ դժկամությամբ եմ մեկնաբանում Ալիևի սանձարձակ պահվածքը և սանձարձակ հայտարարությունները: Հասկանալի է իր սանձարձակ պահվածքը, որովհետև հաղթանակի էյֆորիայի մեջ դեռևս մի որոշ ժամանակ Ալիևը թույլ է տալու իրեն նման պահվածք։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Խաչատրյանը շեշտեց, որ Ալիևը չէ, որ պետք է թելադրի, թե Հայաստանն ինչ անի. «Ամբողջ խնդիրը կայանում է հենց նրանում, որ Ալիևը պետք է հասկանա, որ ինքն ուժով և բռնությամբ որևէ հարց չի կարող լուծել, թեև այսօր աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսինն է, որ որևէ բան բացառել հնարավոր չէ և պետք էլ չի բացառել, պետք է պատրաստ լինել ամեն ինչին, բայց Ալիևը պետք է հասկանա, որ, հատկապես, իր բռնապետական ռեժիմի պայմաններում նման հայտարարությունները հաստատ վերջում ի վնաս իրեն են լինելու: Երբ ինքն իր ամբողջ ժողովրդին ագրեսիվ տրամադրում է հայերի դեմ և ատելության մթնոլորտ է տարածում, ես գիտեմ, որ մի օր այդ ատելության մթնոլորտը և պահվածքը հենց իր իշխանության դեմ է լինելու, բոլոր բռնապետների վերջն էլ դա է լինում»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու էր վարչապետի ներկայացրած 2022 թվականի կատարողականի մեջ բացակայում ղարաբաղյան հիմնախնդրի ենթագլուխը՝ պատգամավորն ասաց. «Փաստաթղթում ինչ-որ բան ներառել-չներառելը հատկապես Ղարաբաղի մասով չի նշանակում, որ ինչ-որ գործողությունների պակաս է նկատվելու կամ ինչ-որ գործողություններից զերծ է մնալու: ՀՀ-ն յուրաքանչյուր տարի միջոցներ է ձեռնարկել Ղարաբաղի տնտեսական, սոցիալական զարգացվածության աստիճանն ապահովելու և նաև այդ խնդիրները լուծելու համար: Ցավոք սրտի, անվտանգությունը և երբեմն հրապարակային արտահայտությունները հակասում են իրար, ուրեմն անվտանգային հարցերից ելնելով Կառավարությունը նպատակահարմար է գտել այդ մասով այդքանն ասել հանրությանը»:


