Միրզոյանն արդյունավետ և դրական է համարում Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ Անթալիայում ունեցած հանդիպումները
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ունեցած հանդիպումներն ու շփումները՝ ընդգծելով, որ ընդհանուր գործընթացի տեսանկյունից այդ խոսակցություններն արդյունավետ են։
Հայաստանի ԱԳ նախարարն այս մասին ասել է Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին։
«Չենք կարող ասել, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ Անթալիայում տեղի ունեցած հանդիպումների, շփումների, խոսակցությունների արդյունքում ունենք վերջնական լուծումներ և պայմանավորվածություններ, բայց նաև չենք կարող ժխտել, որ հանդիպումները, քննարկումները, խոսակցություններն, այնուամենայնիվ, կողմերին ավելի հասկանալի են դարձնում միմյանց համար, հանդիպումից հանդիպում թեմաներ, ենթաթեմաներ կամ նոր թեմաներ են հնարավոր լինում քննարկել, որոնք, անշուշտ, ընդհանուր գործընթացի տեսանկյունից արդյունավետ են»,-ընդգծել է Միրզոյանը։
Վերը նշվածը հաշվի առնելով՝ ԱԳ նախարարը Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ շփումները դրական է համարում։
Արարատ Միրզոյանը նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները միմյանց միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, ըստ էության հայտնի են։ «Անթալիայում մենք փորձեցինք որոշակի առաջընթաց գրանցել, բայց ասել, որ լուծում է ձեռք բերվել, չափազանցություն կլինի, բայց քննարկումները պետք է շարունակվեն»,- նշել է նախարարը։
Արարատ Միրզոյանն, անդրադառնալով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Ադրբեջանի պնդմանը, նշել է, որ եթե դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե հաստատվի խաղաղության պայմանագրով, ապա Մինսկի խմբի ձևաչափի կարիք չի լինի։
«Ուստի Երևանն առաջարկում է նույն օրը ստորագրել խաղաղության պայմանագիր և դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ»,-ասել է Արարատ Միրզոյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հետ։