շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ

Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները։ Հայաստանը միջազգային դատարաններին մշտապես տեղեկացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների խախտումների, այդ թվում դատավարական իրավունքների խախտումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը: 

«Վերջին նման տեղեկատվությունը Արդարադատության միջազգային դատարան է փոխանցվել ս.թ ապրիլի 18-ին՝ պահանջելով նաև Դատարանի կանոնների 78-րդ կանոնի համաձայն լրացուցիչ միջոցներ կիրառել՝ ի հավելումն արդեն իսկ կիրառված միջոցների։ Դատարանը պահանջել էր ներկայացնել մանրամասն տեղեկատվություն Հայաստանի պահանջին ի պատասխան, ինչը կատարվել է Ադրբեջանի կողմից։ Արդյունքում դատարանն արձանագրել է, որ «գործի քննության այս փուլում» բացակայում է լրացուցիչ միջոցների կիրառման անհրաժեշտությունը։

Ադրբեջանը նաև լռում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընթացող դատավարությունների շրջանակներում կիրառված և այս պահին էլ իր կողմից կատարման ենթակա պարտավորությունների մասին։ Ադրբեջանը չի հիշատակում նաև այն որոշումների մասին, որոնցով ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով նաև Հայաստանի ներկայացրած փաստարկները, մերժում է Ադրբեջանի կողմից պարբերաբար ներկայացվող այն պահանջները, որոնք ուղղված են միջանկյալ միջոցների վերացմանը։

Ընթացող դատավարությունների շրջանակներում Հայաստանը միջազգային դատարաններին շարունակաբար ներկայացնելու է խախտումների վերաբերյալ տեղեկություններ»,- նշվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: