Աբխազիան իր բողոքն է հայտնել Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ
Աբխազիայի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության մասին հայ նախարարի հայտարարությունների եւ ՛՛Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ներքին տեղահանված անձանց եւ փախստականների վիճակի մասին՛՛ վրացական բանաձեւի քվեարկության կապակցությամբ, հաղորդում է Sputnik Աբխազիան:
Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է, որ Հանրապետության սուվերեն կարգավիճակը ձեռք է բերվել հազարավոր կյանքերի գնով, և Աբխազիան այդ ճանապարհից չի շեղվի: Դա ամրագրված է 1994 թվականի Սահմանադրության մեջ և հաստատվում է Աբխազիայի պետական անկախության մասին ակտով, որն ընդունվել է 1999 թվականին համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով:
՛՛Այս կապակցությամբ հայկական կողմին կոչ ենք անում չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին շաբլոնային արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը՛՛,-ասվում է տեքստում:
Գերատեսչությունն ուշադրություն է հրավիրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՛՛Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ներքին տեղահանված անձանց եւ փախստականների վիճակի մասին՛՛ բանաձեւի ընդունման օգտին Հայաստանի քվեարկության վրա, թեեւ հայկական սփյուռքը կարեւոր տեղ է զբաղեցնում Հանրապետության անկախության ամրապնդման գործընթացում: ՛՛Հույս ունենք, որ մոտ ապագայում Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանի ստեղծված իրավիճակից և կկարգավորի իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ՛՛,-ասվում է մեկնաբանության մեջ:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը պաշտպանում է երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Իր հերթին Վրաստանի նախարար Իլյա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել Միրզոյանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՛՛Աբխազիայից եւ Հարավային Օսիայի Ցխինվալի շրջանից փախստականների եւ ներքին տեղահանվածների վիճակի մասին՛՛ բանաձեւին Հայաստանի կողմից աջակցելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ ՄԱԿ-ում կողմ է քվեարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ Վրաստանի նախաձեռնած բանաձևին: Մինչ այժմ Երևանը ձեռնպահ էր քվեարկել։