2016-ին Մոսկվայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել. Սերժ Սարգսյան
Եթե ուժի մեջ է, ապա ուրիշ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2016 թվականին Մոսկվայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել՝ ո՛չ գաղտնի, ո՛չ բաց:
«Չի՛ ստորագրվել։ Ուղղակի կոչ եմ անում այդ փաստի վերաբերյալ չդատել իմ ասածներով, այլ դատել փաստերով։
Կարող եք վերցնել ԵԱՀԿ-ում տարածված Մինսկի խմբի համանախագահների 2016 թվականի՝ ապրիլի 12-ի հայտարարությունը, որտեղ շատ հստակ գրված է, որ ուժի մեջ է 1994 թվականի անժամկետ համաձայնագիրը։ Եթե ուժի մեջ է, ապա ուրիշ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։ Հո համանախագահները չեն խաբո՞ւմ. մենք իրավունք չունենք նրանց կասկածելու սուտ ասելու մեջ», - ասել է Սերժ Սարգսյանը։
Խոսելով այն մասին, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հրահրման մեջ որոշ ուժեր մեղադրում էին Ռուսաստանին, նա նշեց․
«Շատերը կհիշեն Դմիտրի Մեդվեդևի պետական այցը Հայաստան, որի ժամանակ մենք փաստաթուղթ ստորագրեցինք, որով ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմական բազան լրացուցիչ պարտականություններ ձեռք բերեց՝ մինչ այդ այն պատասխանատու էր ԱՊՀ տարածքի համար, իսկ 2010-ից հետո իր վրա պատասխանատվություն վերցրեց նաև ՀՀ սահմանների ողջ երկայնքի համար, ինչպես նաև պատասխանատվություն վերցրեց մեզ օժանդակելու, թարմացնելու մեր սպառազինությունը:
Սերժ Սարգսյանն ասաց, որ ծանր է ոչ թե այն, որ այդպիսի հայտարարություններ անողներն այսօր իշխանություն են, այլ պետք է այնպես անել, որ ապագայում այսպիսի բաներ չթույլատրվեն:
Սարգսյանը խոսեց նաև նրանից, որ 2016-ի պատերազմը երկար չտևեց նաև այն պատճառով, որ Հայաստանն Իսկանդեր ունի, և միայն Հայաստանն ունի դա և ունի դաշնակից ՌԴ-ի շնորհիվ. «Ինչո՞ւ Ադրբեջանը չօգտագործեց ռազմական ինքնաթիռները, չօգտագործեցին, որովհետև հենց դրանք փորձում էին մոտենալ սահմանին, հայտնվում էին Ս300-ի թիրախում, իսկ դրանք մենք ստացել ենք որպես ռազմատեխնիկական օժանդակություն»: