2008 թ. խորհրդակցությանը Դավիթ Տոնոյանը ներկա է եղել. Քոչարյանի պաշտպան
Դատախազությունը պիտի հետևողական լինի, որ գործով ամբողջական քննություն իրականացվի, և անհասկանալի է, թե խորդակցությանը, որը տեղի է ունեցել 2008-ի փետրվարի 23-ին, ինչու՞ են ոչ բոլոր անձինք հարցաքննվել:
Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե նիստի ընթացքում ինչո՞ւ է Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն անդրադարձել «0038» հրամանին, և դրա հետ ի՞նչ կապ ունի ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Նա նշեց. «Եթե մամուլում որոնում կատարեք, նկարներ կբերի խորհրդակցությունից, որտեղ ակնհայտորեն նշմարվում է Դավիթ Տոնոյանի դեմքը, կամ 100 % իր նմանությամբ անձի»:
Խուդոյանն ասաց, որ եթե Տոնոյանին հարցաքննել են, ինչո՞ւ հարցաքննության նյութերը փաստաբաններին չեն տրվել, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ չեն հարցաքննել:
«Գործի ամբողջական քննություն կատարված չէ, դա միանշանակ պնդում ենք, և դա դատախազության ամենամեծ մեղքն է»,-ասաց փաստաբանը և հավելեց, որ գործի՝ իրենց փոխանցված նյութերում Դավիթ Տոնոյանի ցուցմունք չկա: