Nike-ի տնօրենն օգնություն է խնդրել Քիմ Քարդաշյանից
Nike-ը անկում է ապրում. Վաճառքները նվազում են, բաժնետոմսերը կորցրել են իրենց արժեքի ավելի քան մեկ քառորդն անցած տարվա ընթացքում, և նրա նոր գործադիր տնօրենը օգնության կարիք ունի մարզական ընկերության վերակենդանացման համար: Օգնության է հասել Քիմ Քարդաշյանը, հայտնում է CNN-ը։
Nike-ը համագործակցում է Քարդաշյանի հետ՝ ստեղծելու նոր ապրանքանիշ, որը կոչվում է «NikeSkims»: Այս մասին երեքշաբթի օրը համատեղ հայտարարել են ընկերությունը և նորաձևության մագնատը։ Հավաքածուն, որը հիմնված է նրա հանրահայտ ձևի հագուստի շարքի վրա, «կփոխի ֆիթնեսի և ակտիվ հագուստի համաշխարհային արդյունաբերությունը՝ դասի լավագույն նորամուծություններով բոլոր կին մարզիկների համար», ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ապրանքանիշի դեբյուտը ԱՄՆ-ում այս տարվա գարնանը կանցնի առցանց և «ընտրված մանրածախ վայրերում», իսկ համաշխարհային մեկնարկը նախատեսվում է 2026 թվականին:
Նոր հավաքածուն առաջինն է Nike-ի համար, որը նախկինում չի համագործակցել արտաքին ընկերության հետ՝ նոր ապրանքանիշ ստեղծելու համար, փոխարենը հույսը դնում է ձեռքբերումների վրա կամ վարձում է հայտնի մարզիկների (օրինակ՝ Մայքլ Ջորդանը):
«Ավելին, քան համագործակցությունը, նոր ապրանքանիշը նոր ստանդարտ կսահմանի ֆիթնեսի և ակտիվ հագուստի համաշխարհային ոլորտում՝ մարզչական հագուստի, կոշիկի և աքսեսուարների լայն գծով»:
Նոր ապրանքանիշը կօգնի Nike-ին ավելի արդիական դառնալ ակտիվ հագուստի կատեգորիայում՝ օգնելով նրան մրցակցել Lululemon-ի և Alo-ի հետ, որտեղ «նա հետ է մնում եւ երկրորդ ջութակի դերում է», – ասում է մանրածախ առևտրի վերլուծաբան և GlobalData Retail-ի գործադիր տնօրեն Նիլ Սաունդերսը: