երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Իմ վրա զենք են պահել, տղամարդկանց կողմից շատ-շատ եմ հալածվել. Արմինկան՝ սպառանալիքներ

Իմ վրա զենք են պահել, տղամարդկանց կողմից շատ-շատ եմ հալածվել. Արմինկան՝ սպառանալիքներ

«Տղամարդկանց կողմից շատ-շատ եմ հալածվել և միշտ մտածել եմ, որ ավելի լավ կլիներ, որ ես մի քիչ ավելի չերևացող աղջիկ լինեի ու չունենայի այս խնդիրները», - «Look and Face» հաղորդման ժամանակ պատմել է երգչուհի Արմինկան՝ անդրադառնալով 90-ականների տարիներին իր ունեցած ծանր փորձություններին ու ԱՄՆ տեղափոխվելու պատճառներին։

Արմինկան հիշել է, որ 90-ականների սկզբին Հայաստանում անպաշտպանության մթնոլորտ էր, իսկ փողոցներում զենք ունեցող մարդկանց ներկայությունը սովորական երևույթ էր դարձել պատերազմից հետո։ Նրա խոսքով՝ անգամ մի հակադարձ խոսք կարող էր վտանգավոր հետևանք ունենալ։

«Խոսում ենք վաղ 90-ականների մասին։ Շատ մարդկանց մոտ պատերազմից հետո զենք կար։ Այս մարդիկ ման էին գալիս քաղաքում զենքով և, ենթադրենք, կարող էին քեզ մի բան ասել, դու պատասխանեիր, իսկ ես միշտ պատասխանում էի, որովհետև ես միշտ կարողացել եմ ինձ պաշտպանել։ Փորձել եմ գուցե շատ սուր երբեմն, որը օրինակ հիմա երբեք չէի անի, որովհետև այն ժամանակ մտածում էի՝ ոնց թե ինձ վիրավորում են, ես պիտի պատասխանեմ։ Ու այդ մի հատ պատասխանի համար կարող էին ուղղակի զենք հանել քո վրա», - պատմել է երգչուհին, ապա խոստովանել, որ իր հետ նման բան պատահել է։

Նրա խոսքով՝ նման իրավիճակներում հատկապես խոցելի էին աչքի ընկնող կանայք, այդ թվում՝ երգչուհիները ու նման դեպք պատահել է նաև իր հետ։

«Եղել են փողոցում չէ, բայց աշխատելու ժամանակ մարդիկ ամեն բան իրենց թույլ էին տալիս։ Մի քիչ աչքի ընկնող կին եթե լինեիր, դա լուրջ խնդիր էր 90-ականներին՝ բոլորի համար և Երևանում, և Երևանից դուրս, մանավանդ երգչուհիների պարագայում»,- ասել է Արմինկան։

Երգչուհին նաև նշել է, որ աշխատանքի ընթացքում եղել են դեպքեր, երբ ստիպված է եղել ժամանակավորապես հեռանալ բեմից, թեև երաժշտությունը նրա կյանքի ամենակարևոր մասն էր։

Խոսելով ԱՄՆ տեղափոխման պատճառնեի մասին՝ երգչուհին ասել է, մի քանի անգամ ճամպրուկը հավաքել է անհայտ ուղղությամբ գնալու, նույնիսկ փախնելու համար։

«Բոլոր հնարավոր դռները փակել էին իմ առջև, ուղղակի կտրեցին թևերս, դա իմ վաստակի միակ միջոցն էր, տարիներ տևեց, որ ես ընդունեմ՝ վերջացավ»,-ասել է նա։

  • Կիսվել: