Հայ հրուշակագործները 7 մեդալ են բերել Հայաստան
Հայ հրուշակագործներն օրերս են վերադարձել Գերմանիայից։ Նրանք իրենց հետ Երևան են բերել 7 մեդալ։ Շտուտգարդ քաղաքում 5 օր շարունակ 75 երկրի խոհարար պայքարել է լավագույնի կոչման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի հանրային ռադիոն։
Բնականից չտարբերվող, բայց քաղցր հումքից պատրաստված ծաղիկներն ու բույսերը զբաղեցնում են Իսկուհի Համբարձումյանի օրվա մեծ մասը։ Հրուշակագործի ձեռքերում շաքարային հիմքով խմորը դառնում է ծաղկային փունջ։ Նա տարբեր երկրներում բնակվող հայուհիներին մի թիմում հավաքել ու աշխարհի 75 պետությույնների կողքին Հայաստանը ներկայացրել է համեղ առաջնությունում։
Խոհարարական արվեստների օլիմպիադային Հայաստանը երբեք չէր մասնակցել, ու ցանկությունը մեծ էր, որ մեր երկրի դրոշը ծածանվի այնտեղ, պատմում է հրուշակագործը։
Հոլանդիայից, Ռուսաստանից և Հայաստանից մեկ թիմում հավաքված հինգ հայ հրուշակագործները միջազգային խոհարարական օլիմպիադայում նվաճել են երեք ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ, ասում է հայկական թիմի ղեկավարը։

Ոսկե մեդալի է արժամացել նաև Մարինե Խալաթյանը։ Նա Հրուշակագործական և խոհարարական ավեստների օլիմպիադայում ներկայացրել է հայկական լեռնաշխարհում հանդիպող ծաղիկների շաքարային փունջը։
Ինչպես Մարինեն է ասում՝ արհեստը, որը հետագայում դարձավ արվեստ, իր համար կարևոր էր, հիացմունքն էլ` մեծ էր։
Մեր հրուշակագործներին պակասում է միայն տեխնիկան, այստեղ չունենք այնպիսի հնարավորություններ, ինչպես Եվրոպայում, սրտնեղում է Իսկուհի Համբարձումյանը։ Կիևում բնակվող հայ հրուշակագործն ասում է, որ իրեն ուժ է տալիս սերը դեպի աշխատանքը և հայրենիքը ու հենց այդպես էլ հաճախ ոգևորում է իր սաներին։
Իսկուհին նաև ասում է, որ այս գործում վարպետանալու համար պետք է անդադար աշխատել, ինչպես նկարիչն է մանրակրկիտ աշխատում ամեն դետալի ու գույնի վրա։