ԱՄՆ դատարանը որոշել է հաջորդ շաբաթ հրապարակել արքայազն Հարիի ներգաղթի փաստաթղթերը
ԱՄՆ դատարանը որոշել է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի ներգաղթի փաստաթղթերը պետք է հրապարակվեն մինչև այս երեքշաբթի։ Դատավոր Կառլ Նիքոլսը կարգադրել է տեղեկատվության ազատության մասին (FOI) հարցման շրջանակում հրապարակել Սասեքսի դուքսի ԱՄՆ վիզայի դիմումի հետ կապված փաստաթղթերը, հայտնում է Sky News-ը։
FOI հարցումը ներկայացրել է ԱՄՆ պահպանողական Heritage Foundation վերլուծական կենտրոնը, որը պնդում է, որ դուքսը կարող էր թաքցնել նախկինում թմրանյութերի օգտագործումը, և դա պետք է նրան զրկեր ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից: Դատավոր Նիքոլսը կարգադրել է ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտին հրապարակել փաստաթղթերի խմբագրված տարբերակը ոչ ուշ, քան երեքշաբթի օրը՝ մարտի 15-ին, ներկայացված դատական փաստաթղթերի համաձայն:
Սակայն 2024 թվականի սեպտեմբերին նույն դատավորը հայտարարել էր, որ հանրությունը առանձնահատուկ հետաքրքրություն չի դրսևորել Հարիի ներգաղթի մանրամասների բացահայտման հարցում:
Իր հերթին Heritage Foundation-ը պահանջել է փոխել դատարանի որոշումը։ Այն կասկածի տակ է դրել, թե ինչու է Հարիին թույլ տրվել մուտք գործել ԱՄՆ 2020 թվականին այն բանից հետո, երբ թագավորական ընտանիքի անդամն իր Spare գրքում հիշատակել է կոկաին, մարիխուանա և հոգեներգործուն սնկեր օգտագործելու մասին:
Իր հուշերում Հարրին գրել է, որ կոկաինը «ինձ ոչնչով չի օգնել»՝ հավելելով. «Մարիխուանան բոլորովին այլ բան էր, և այն իսկապես օգնեց ինձ»:
Կենտրոնը նաև հայտարարել է, որ վիզայի դիմումում նրա նախկինում թմրանյութերի օգտագործման վերաբերյալ պատասխանները կարող են կասկածներ առաջացնել ԱՄՆ կառավարության ազնվության վերաբերյալ: Չնայած FOI նախորդ հարցումը մերժվել էր, սակայն ներքին անվտանգության իրավաբանները փետրվարին համաձայնեցին հրապարակել ձևաթղթերի խմբագրված տարբերակները:
Փետրվարին նախագահ Դոնալդ Թրամփը բացառել էր Հարիին ԱՄՆ-ից արտաքսելու հնարավորությունը։
«Ես նրան հանգիստ կթողնեմ։ Նա առանց այդ էլ բավականաչափ խնդիրներ ունի կնոջ հետ։ Նա սարսափելի է»,- ասել է նա New York Post-ին։
Սասեքսի դքսուհի Մեգանն ակտիվորեն քննադատել է Թրամփին՝ նրան անվանելով «պառակտող» և «կնատյաց»: