հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Զուրաբիշվիլին չի ճանաչում նախագահական ընտրությունների օրինականությունը

Զուրաբիշվիլին չի ճանաչում նախագահական ընտրությունների օրինականությունը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերահաստատել է՝ որ չի ճանաչում երեկվա նախագահական ընտրությունների օրինականությունը։

«Ոչ ոք ոչ մեկին չի ընտրել. ոչինչ չի եղել»,- ասել է նա՝ դիմելով նախագահական նստավայր իրեն աջակցություն հայտնելու համար եկած քաղաքացիներին։

Ավելի վաղ X սոցիալական ցանցում նախագահը ընտրական գործընթացն անվանել էր «ժողովրդավարության ծաղր»։ Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ տեղի ունեցածը չի խանգարի Վրաստանին գնալ եվրոպական ճանապարհով։

Նախագահը նաև հիշեցրել է, որ ուղիղ մեկ տարի առաջ երկիրը ստացավ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, իսկ 2023 թվականի դեկտեմբերի 14-ը պատմության մեջ մտավ որպես «համաձայնության, ժողովրդական ուրախության և մեծ հույզերի օր»։

«Մեկ տարվա ընթացքում կառավարող մեկ կուսակցությունը ոչնչացրեց այս ոսկե հնարավորությունը և կառուցեց ռեպրեսիվ ավտորիտար ռեժիմ»,- գրել է Զուրաբիշվիլին։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, խորհրդարանի նախկին պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին երեկ ընտրվել է Վրաստանի վեցերորդ նախագահ։ Նա միակ թեկնածուն էր և հավաքել է Ընտրական կոլեգիայի ներկա 225 ձայնից 224-ը։ Ընդդիմությունը չի մասնակցել գործընթացին։

  • Կիսվել: