Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրան վաճառելու փորձը
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) չորեքշաբթի օրը հայտնել է, որ կանխել է օտարերկրյա քաղաքացուն «Ուրան-238» ռադիոակտիվ նյութի ապօրինի վաճառքի փորձը։
«Համատեղ գործողության արդյունքում Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզական և օպերատիվ բաժինների աշխատակիցները Վրաստանի քաղաքացուն ձերբակալել են միջուկային նյութերի, մասնավորապես՝ «ուրան» ռադիոակտիվ նյութի ապօրինի շրջանառության համար։ Քննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը ծրագրում էր իր մոտ եղած «ուրան-238» միջուկային նյութը 700 հազար դոլարով վաճառել օտարերկրյա քաղաքացու», — ասված է հաղորդագրության մեջ։
ՊԱԾ-ը քննություն է իրականացնում Վրաստանի քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածով, որը մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում։
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ քանակությամբ ուրան էր Վրաստանի քաղաքացին պատրաստվում վաճառել օտարերկրացուն։



