շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Վրաստանում հայազգի պատգամավորները կողմ են քվեարկել «ռուսական օրենքին»

Վրաստանում հայազգի պատգամավորները կողմ են քվեարկել «ռուսական օրենքին»

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ, դահլիճում՝ վիճաբանության ու ծեծկռտուքի, խորհրդարանի մոտ՝ ցուցարարների բողոքի ֆոնին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հայտնի է որպես «ռուսական օրենք», գրում է aliq.ge-ն:

Օրենքին կողմ էր 84 պատգամավոր, դեմ՝ 30-ը։ «Ռուսական օրենքին» կողմ քվեարկող 84 պատգամավորների շարքում են նաև Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Կողմ քվեարկած մյուս պատգամավորների ցանկը հասանելի է այստեղ:

Խորհրդարանը 10 օրվա ընթացքում օրենքի նախագիծը կուղարկի նախագահին՝ ստորագրելու։ Նախագահը երկու շաբաթ ժամանակ ունի փաստաթուղթը ստորագրելու կամ դրա վրա վետո դնելու համար։

Սահմանադրությամբ սահմանված չէ, թե որքան ժամանակ խորհրդարանը պետք է քննարկի նախագահի կողմից դրված վետոյի դրդապատճառները։ Նախագահի վետոն հաղթահարելու համար խորհրդարանից պահանջվում է ճիշտ այնքան ձայն, որքան օրինագծի ընդունման ժամանակ է եղել:

Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ քաղաքացիները բողոքում են երրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքի» դեմ, խաղաղ ցուցարարներին բերման են ենթարկում:

  • Կիսվել: