ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վրաստանն ու Չինաստանը քննարկում են ազատ առևտրի և ներդրումների խորացման հեռանկարները

Վրաստանն ու Չինաստանը քննարկում են ազատ առևտրի և ներդրումների խորացման հեռանկարները

Թբիլիսում տեղի է ունեցել Վրաստան-Չինաստան առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը։ Նիստը նախագահել են Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի փոխնախարար Լին Ցզին, գրում է jnews.ge-ն:

Նիստի շրջանակներում քննարկվել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների կարևորագույն հարցեր։ Օրակարգով կողմերը անդրադարձել են Վրաստան-Չինաստան ազատ առևտրի խորացման հեռանկարներին, ներդրումային համագործակցությանը, ինչպես նաև տրանսպորտի, լոգիստիկայի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարությունների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցությանը և դրանց խորացման հնարավորություններին։

Քննարկվել են նաև երկու երկրի միջև ուղիղ չվերթների հարցը, ինչպես նաև Միջին միջանցքի նշանակությունն ու Վրաստանի դերը դրա զարգացման գործում։

«Վրաստան-Չինաստան ազատ առևտրի համաձայնագիրը էականորեն ամրապնդել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը։ Վրաստանը դարձավ տարածաշրջանում առաջին երկիրը, որը հաստատեց ազատ առևտրի ռեժիմ Չինաստանի հետ՝ ընդգծելով Վրաստանի ռազմավարական նշանակությունը որպես առևտրային գործընկեր և տարանցիկ հանգույց», – հայտարարել է Լևան Դավիթաշվիլին։

Նախարարը չինական պատվիրակությանը ներկայացրել է Վրաստանի հիմնական տնտեսական ցուցանիշները, ներդրումային միջավայրը և խոշոր տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը։ Նա ընդգծել է, որ առանց վիզայի ռեժիմի առկայությունը նպաստում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը, բիզնես կապերի և տնտեսական համագործակցության ամրապնդմանը։ Դավիթաշվիլիի խոսքով՝ 2024 թվականի տվյալներով՝ երկկողմ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 17%-ով և հասել 1.92 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Առևտրաշրջանառության ծավալով Չինաստանը զբաղեցրել է 4-րդ տեղը Վրաստանի հիմնական առևտրային գործընկերների թվում։

Նիստի ավարտից հետո կողմերը ստորագրել են հանձնաժողովի 9-րդ նիստի արձանագրությունը։ Բացի այդ, ստորագրվել է համաձայնագիր վրացական մեղրը չինական շուկայում տեղադրելու վերաբերյալ, իսկ թռչնամսի արտահանման մասին արձանագրության շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտել մոտ ապագայում։ Սա կլինի լրացուցիչ հնարավորություն՝ Վրաստանը չինական շուկա մուտք գործի այնպիսի ապրանքներով, որոնց նկատմամբ բարձր պահանջարկ կա։

Լևան Դավիթաշվիլին Չինաստանի պատվիրակության ղեկավարին հրավիրել է մասնակցելու «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» 5-րդ ֆորումին, որը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 22-23-ը։

  • Կիսվել: