երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու պնդումները սուտ են. Բրիտանիայի դեսպան

Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու պնդումները սուտ են. Բրիտանիայի դեսպան

Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը պարզաբանել է, որ ճիշտ չեն այն պնդումները, թե «Արևմուտքը Վրաստանից պահանջել է ներգրավվել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին»։ Ըստ նրա՝ բրիտանական կառավարությունը Վրաստանից պահանջել է՝ արգելել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ներմուծումը և կիրառել ֆինանսական պատժամիջոցներ, գրում է aliq.ge-ն:

«Մեզնից շատերը լսել են, թե Արևմուտքը ցանկանում է, որ Վրաստանը «երկրորդ ճակատ» բացի կամ ինչ-որ բան անի, որը կվնասի իր անվտանգությանը, սեփական տնտեսությանը` ճնշում գործադրելու համար Ռուսաստանի դեմ: Սա պարզապես չի համապատասխանում իրականությանը», — ասել է դեսպան Ուորդը:

Փետրվարի 24-ին Թբիլիսիում Ռոնդելի հիմնադրամի քննարկմանը Ուորդն ասել է, որ Լոնդոնը միայն խնդրել է, որ «Վրաստանը չօգտագործվի որպես մարտադաշտում կիրառվող բեռների տարանցիկ կետ»:

«Վրացական երազանք»-ը Արևմուտքի հետ բացեիբաց հարաբերությունների ծայրահեղ լարվածություն է հրահրել, նրանց մեղադրում է Վրաստանում «երկրորդ ճակատ բացելու» դավադրության համար, որի հետևում կանգնածներին սկզբում անվանել է «գլոբալ պատերազմի կուսակցություն», իսկ վերջերս՝ «Դիփ սթեյթին»: Սա, ըստ փորձագետների՝ «Վրացական երազանք»-ի հերթական կեղծիքն է, որով վերջինս փորձում է մոլորեցնել վրաց ժողովրդին, թաքցնել ժողովրդավարությունից հեռանալն ու, Արևմուտքին մերձենալու փոխարեն, երկիրը տանում է դեպի բռնապետություն՝ Ռուսաստան:

 

  • Կիսվել: