Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է երկրում իշխանությունը բռնի զավթելու փորձի մասին
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է երկրում իշխանությունը բռնի զավթելու փորձի մասին, տեղեկացնում է Նովոստի-Գռուզիա-ն։
Նշվում է, որ վարչությունը նման եզրակացության է եկել, քանի որ «երկրում վերջին օրերի իրադարձությունները» համընկնում են «նախկինում ձեռք բերված փաստական հանգամանքների հետ»։
Պետական անվտանգության ծառայությունը, սակայն չի նշում, թե կոնկրետ երբ է հարուցվել գործը, որի շրջանակներում կատարվել են քննչական միջոցառումներ, թեև գերատեսչությունից նշել են, որ իրենք «գործին կից ապացույցների մասով բազմիցս կիսվել են հանրության հետ»։
Ըստ գերատեսչության հայտարարության՝ իշխանությունը զավթելու ցանկություն ունեն կոնկրետ քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ։ Դրան հասնելու համար, ըստ հայտարարության, «մի խումբ մարդիկ Վրաստանի խորհրդարանի մոտ ակցիաների ժամանակ փորձում են սադրանքներ կազմակերպել, որոնց նպատակը ապակառուցողական և բռնի սցենարներ մշակելն է»։
Պետական անվտանգության ծառայությունը բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիներին կոչ է անում լինել զգոն և չգնալ սադրանքների։
Գործը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով (Դավադրություն կամ ապստամբություն՝ սահմանադրական կարգը բռնի փոխելու նպատակով)։ Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով։
Նշենք, որ երրորդ օրն է՝ հազարավոր մարդիկ հավաքվում են Ռուսթավելիում՝ բողոքելու երկրի եվրաինտեգրումը փաստացի կասեցնելու կառավարության որոշման դեմ։