Վրաստանի նախկին վարչապետին նոր մեղադրանք է առաջադրվել
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, որը անցած շաբաթ հայտարարել էր «Վրացական երազանքի» թիմի կողմից իր վրա գործադրվող ճնշումների մասին, նոր մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի գործով։
Խոսքը վերաբերում է «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ», հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Ինչպես հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլին, նոր գործով ցուցմունքներ է տվել կալանքի տակ գտնվող նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։
Բացի այդ, հուլիսին, քննության հետ համագործակցելու նպատակով, դատախազություն է դիմել Վասիլ Մխեիձեն՝ Բուրչուլաձեի աներձագը, և քննությանը տրամադրել է «ամբողջական տեղեկատվություն»։
Նշվում է, որ Ղարիբաշվիլիին սպառնում է 11-ից 15 տարվա ազատազրկում։
Նա ավելի վաղ ձերբակալվել էր եկամուտների ապօրինի օրինականացման մեղադրանքով և դատապարտվել 5 տարվա ազատազրկման։



