Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը. վրացի պաշտոնյա
Պայթուցիկով բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը. այս ամենը ենթադրություն է, հայտարարել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն՝ մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը։
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ավելի վաղ հայտնել էր, որ քննիչները և ՌԴ ԱԴԾ աշխատակիցները հայտնաբերել են Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության մեջ կասկածվողներին: Նաև ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր՝ պարզել է բեռնատարի երթուղին մինչև պայթյունը: Նրա խոսքով`դրանք են Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանը, Հյուսիսային Օսիան և Կրասնոդարի երկրամասը։
Ինչպես նշել է Կակաուրիձեն, մեղադրանքների հետևում որևէ փաստարկ չկա։
«Ինչպես են աշխատում մաքսային ծառայությունները վերահսկողության առումով, լավ գիտեն մեր բոլոր միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները: Մենք նրանց հետ անընդհատ համագործակցում ենք», – ասել է Կակաուրիձեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակման քրեական գործով ձերբակալել է ՌԴ հինգ քաղաքացու, Ուկրաինայի երեք քաղաքացու և ՀՀ մեկ քաղաքացու:
«Հաստատվել է, որ Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, դրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներ և գործակալներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պայթուցիկ սարքը Օդեսայից տեղափոխվել է Բուլղարիա, ապա վրացական Փոթի նավահանգիստ, որից հետո՝ Հայաստան։
ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է կասկածյալների անունները։ Հրապարակված ցանկի համաձայն՝ ահաբեկչությանը ներգրավված են եղել Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն, Դենիս Կովաչը և Ռոման Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Դանդրո Ինոսարիձեն և «Լևան» անունով մի միջնորդ, ինչպես նաև ՀՀ քաղաքացի Արթուր Տերչանյանը։
Ըստ ԱԴԾ-ի՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում՝ «Տրանս Ալյանս» տերմինալում, բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոնների համաձայն, ինչից հետո փաստաթղթերը փոխարինվել են: Դրանից հետո բեռի ուղարկողն արդեն դարձել է «ԳՈՒ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստան, Ալավերդի), իսկ ստացողը` «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա): Դրանից հետո Վրաստանում գրանցված DAF բեռնատարով բեռը հատել է ռուս-վրացական սահմանը «Վերին Լարս» անցակետով և հոկտեմբերի 6-ին առաքվել Կրասնոդարի Արմավիր քաղաքի մեծածախ պահեստ։ Պայթուցիկները հայտնվել են հոկտեմբերի 7-ին Սիմֆերոպոլ մեկնած ՌԴ քաղաքացի, 1971 թվականին ծնված Մախիր Յուսուբովի մեքենայում, իսկ հոկտեմբերի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 06:03-ին, պայթյուն է որոտացել փողադրամիջոցը Ղրիմի կամրջով վարելիս։