Վրաստան-Թուրքիա սահմանին Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող ադրբեջանցի է ձերբակալվել
Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները վրաց-թուրքական սահմանին ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, որը միջազգային հետախուզման մեջ էր գտնվում Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ, հաղորդում է Georgia Online-ը։
Ինչպես հայտնել են վրացական գերատեսչությունից, տղամարդուն հետախուզում էին ադրբեջանական իրավապահ մարմինների հարցմամբ։ Նրան մեղադրում են խուլիգանության և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու մեջ։
Ձերբակալությունը տեղի է ունեցել «Սարփի» մաքսակետ-անցակետի տարածքում։ Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ սկսվել են Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված արտահանձնման ընթացակարգեր։



