ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Վիեննայի թանգարանից գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց

Վիեննայի թանգարանից գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց

Վիեննայի Կիրառական արվեստի թանգարանից (MAK) գողացել են գրեթե 4,3 միլիոն դոլար արժողությամբ, 673 ադամանդներով զարդարված վզնոց, որը պատկանել է Եգիպտոսի Նազլի Սաբրի թագուհուն։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ վզնոցը եղել է ցուցադրության կազմում, որում ներկայացված են 300-ից ավելի զարդեր ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան հավաքածուից։ Գործակալության տվյալներով՝ երկու անհայտ տղամարդիկ թանգարանի աշխատանքային ժամերին կոտրել են ապակե ցուցափեղկը, վերցրել ցուցանմուշը և փախուստի դիմել։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և փնտրում է կասկածյալներին։

MAK-ի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ հափշտակված վզնոցի 673 ադամանդների ընդհանուր քաշը գերազանցում է 200 կարատը։ 2015 թվականին վզնոցը Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է գրեթե 4,3 միլիոն դոլարով:

 

  • Կիսվել: