Վենսը ձգտել է գլխավոր դեր ունենալ Իրանի հետ երկխոսությունում․ AP
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մի քանի անգամ անձամբ դիմել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով իրեն վստահել Իրանի հետ բանակցությունների առաջնորդությունը։ Վենսն այս քայլով ձգտում է ամրապնդել իր դիրքերն ու հեղինակությունը Միացյալ Նահանգների ներսում՝ որպես ամերիկյան առաջնորդի պոտենցիալ իրավահաջորդ։ Այս մասին, հղում անելով Սպիտակ տան սեփական աղբյուրներին, հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։
Ինչպես նշում են գործակալության զրուցակիցները, Թրամփն անմիջապես չի համաձայնել փոխնախագահի առաջարկին, սակայն հետո զիջել է և նրան հնարավորություն տվել իրանական կողմի հետ Պակիստանում և Շվեյցարիայում ընթացող բանակցությունները գլխավորելու համար։ «Բավականին անսովոր է, երբ բանակցություններում առաջատար դերը վերապահվում է փոխնախագահին»,- մատնանշել է պաշտոնաթող դիվանագետ Իեն Քելին, որը նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման տարիներին զբաղեցնում էր ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնը։
AP-ի տվյալներով՝ Վենսն սկզբում լավատեսորեն էր տրամադրված Իրանի հետ համաձայնության հասնելու հարցում։ Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բոլորովին այլ տեսակետ ուներ. նա հենց այդ պատճառով էլ հրաժարվել էր գլխավորել ամերիկյան պատվիրակությունն այս տարվա ապրիլին Պակիստանում կայացած բանակցություններում։ Գործակալության աղբյուրները հավելում են, որ Վենսի և Ռուբիոյի միջև լուրջ տարաձայնություններ կան Մերձավոր Արևելքում ԱՄՆ արտաքին քաղաքական ռազմավարության ընտրության հարցում։


