հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Ուկրաինայի ՊՆ-ն հեռախոսազրույց է խնդրել ԱՄՆ-ի հետ

Ուկրաինայի ՊՆ-ն հեռախոսազրույց է խնդրել ԱՄՆ-ի հետ

Ուկրաինան որևէ պաշտոնական հաղորդագրություն չի ստացել համաձայնեցված պաշտպանական օգնության մատակարարման կասեցման կամ ժամանակացույցերի վերանայման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հեռախոսազրույց է խնդրել «ԱՄՆ-ի գործընկերների հետ՝ մանրամասները լրացուցիչ պարզաբանելու համար»։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ Կիևի համար «չափազանց կարևոր է պահպանել կայունությունը, շարունակականությունը և կանխատեսելիությունը համաձայնեցված պաշտպանական օգնության տրամադրման գործում, առաջին հերթին՝ հակաօդային պաշտպանության համակարգերի ամրապնդման ոլորտում»։

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցման մասին, քանի որ մտավախություն ունեն, որ Պենտագոնի սեփական պաշարները չափազանց շատ են նվազել։

NBC News-ի տվյալներով՝ կասեցված ապրանքների թվում են տասնյակ հրթիռներ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար, 155 մմ տրամաչափի հազարավոր հրետանային արկեր, ավելի քան 100 Hellfire հրթիռներ, GMLRS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ավելի քան 250 արկեր, տասնյակ Stinger երկիր-օդ դասի հրթիռներ և AIM օդ-օդ հրթիռներ, ինչպես նաև նռնականետներ։

  • Կիսվել: