Պետդեպը հայտնում է՝ պաշարների գործարքը կապ չունի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հետ
Ուկրաինայի հետ մշակվող՝ բնական պաշարների վերաբերյալ գործարքը որևէ կապ չունի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման բանակցությունների հետ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թամմի Բրյուսը։
Նա, մասնավորապես, նշել է. «Դա առանձին գործընթաց է։ Դա հրադադարի բանակցությունների մաս չէ և որևէ տարր չէ՝ ուղղված այդ աղետը դադարեցնելուն։ Դա այն է, ինչ կարևոր է Ուկրաինայի համար։ Եվ, իհարկե, դա տնտեսական գործընկերության հարց է»։
Նշենք, որ Պետդեպարտամենտի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ բնական ռեսուրսներին վերաբերող գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին։ Ըստ նրա՝ գործարքի մանրամասները դեռ մշակման փուլում են։