Թուրքիան ընդգծել է իր «ամուր աջակցությունը» Ադրբեջանի և Վրաստանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը
Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք մեր ամուր աջակցությունը Ադրբեջանի և Վրաստանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Բաթումիում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
Նա հավելել է, որ երեք երկրների միջև կա համագործակցության եռակողմ ձևաչափ:
«Իր պատմական և ռազմավարական դիրքի շնորհիվ Կովկասը մեծ նշանակություն ունի տարածաշրջանային և միջազգային անվտանգության տեսանկյունից։
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցությունը ծառայում է մեր երկրների ընդհանուր շահերին և ակնկալիքներին և մեծ ներդրում ունի Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։
Ստորագրելով եռակողմ հուշագիր՝ մենք հաստատեցինք մեր պատրաստակամությունն էլ ավելի զարգացնելու այս օրինակելի, սերտ և տեւական համագործակցությունը»,-ասել է Գյուլերը: