կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Թուրքիան և Իսրայելը Սիրիայում իրավիճակի սրումը կանխելու նպատակով խորհրդակցություն են անցկացրել Բաքվում

Թուրքիան և Իսրայելը Սիրիայում իրավիճակի սրումը կանխելու նպատակով խորհրդակցություն են անցկացրել Բաքվում

Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչներն առաջին անգամ հանդիպել են Ադրբեջանում՝ քննարկելու Սիրիայում թուրքական և իսրայելական զորքերի միջև հակամարտությունը դադարեցնելու մեխանիզմը։ Այդ մասին հայտնել է թուրքական Sabah-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին, փոխանցում է ermenihaber.am-ը:

«Ադրբեջանում տեղի է ունեցել առաջին տեխնիկական հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում անցանկալի միջադեպերից խուսափելու համար Թուրքիայի և Իսրայելի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմը»,- փոխանցել է թուրքական թերթը։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հաստատել էր, որ Անկարան տեխնիկական կապեր է պահպանում Իսրայելի հետ՝ Սիրիայում թյուրըմբռնումները կանխելու համար:

Հիշեցնենք, որ այդ թեմայով հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը Բաքվի համար շատ տագնապալի է և մտահոգիչ։ Ըստ նրա` Թուրքիայի և Իսրայելի միջև առաջին հաջող հաշտեցմանը որոշ չափով նպաստել է Ադրբեջանը:

 

  • Կիսվել: