շաբաթ, հոկտեմբեր 3
3 / 10 / 2026
Թուրքիան և Իրաքը պայմանավորվել են ընդլայնել էներգետիկ համագործակցությունը

Թուրքիան և Իրաքը պայմանավորվել են ընդլայնել էներգետիկ համագործակցությունը

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպել է Իրաքի նավթի նախարար Բասամ Մոհամեդ Խուդեյրի հետ։ Կողմերը քննարկել են էներգետիկ համագործակցության ամրապնդումը մատակարարումների անվտանգության նշանակության աճի ֆոնին։

Բայրաքթարի խոսքով` անցյալ տարվա օգոստոսին թուրքական BOTAŞ-ի, իրաքյան SOMO-ի և NOC-ի միջև կնքված համաձայնագրից հետո կողմերը մշակում են նոր երկարաժամկետ համաձայնագիր: Նախատեսվում է ակտիվացնել նավթագազային ենթակառուցվածքի, հետախուզման և արդյունահանման, նավթի առևտրի, նավթավերամշակման ու էլեկտրաէներգիայի հարցերով համատեղ աշխատանքային խմբերը:

Թուրքիան նաև հանդես է գալիս Քիրքուք-Ջեյհան նավթամուղը մինչև Բասրա երկարացնելու և դրա հզորությունը մեծացնելու օգտին: Բայրաքթարի կարծիքով` դա թույլ կտա մատակարարումների լրացուցիչ երթուղի ստեղծել` շրջանցելով Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը։

Բացի այդ, Անկարան ակնկալում է իր պետական TPAO ընկերության ավելի ակտիվ մասնակցությունը իրաքյան հանքավայրերի մշակման գործում և մտադիր է հում նավթի մատակարարումների ծավալը հասցնել 1 մլն բարելի:

  • Կիսվել: