Թրամփը վստահեցնում է՝ Իրանի դեմ վերսկսված ամերիկյան ռազմական գործողությունները «շատ երկար» չեն տևի
Իրանի դեմ վերսկսված ամերիկյան ռազմական գործողությունները շատ երկար չեն տևի, սակայն Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել։ Այս մասին Իրանի տարածքին նախորդ գիշեր հասցված ամերիկյան հարվածներից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա խոսքով՝ ամերիկյան ուժերը ոչնչացրել են Հորմուզի նեղուցի երկայնքով Իրանի տեղակայած պաշտպանական և հարձակողական նոր ռազմական սարքավորումները։ Նրա խոսքով՝ հարվածների թիրախում են եղել նաև Իրանի վերականգնվող ռադարային և հրթիռային համակարգերը։
ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ իրանական ուժերը հրթիռ էին մշակում, որը նախատեսված էր ծովային ականներ տեղադրելու համար, և ամերիկյան ուժերը ոչնչացրել են այն։



