ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Թրամփը սպառնացել է «դժոխքի կրակներով», եթե ՀԱՄԱՍ-ը մինչև իր երդմնակալությունը չվերադարձնի իսրայելցի պատանդներին

Թրամփը սպառնացել է «դժոխքի կրակներով», եթե ՀԱՄԱՍ-ը մինչև իր երդմնակալությունը չվերադարձնի իսրայելցի պատանդներին

ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ լավ զրույց» է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Գազայի հատվածում տեղի ունեցող պատերազմի մասին և կրկնել է իր սպառնալիքը, որ «դժոխքի կրակներ կթափվեն», եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը մինչև հունվարի 20-ը՝ իր երդմնակալությունը, ազատ չարձակի պատանդներին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ինչպես գիտեք, ես նախազգուշացում եմ արել, որ եթե բոլոր պատանդները մինչև այդ օրը չվերադառնան տուն, ապա դժոխքի կրակներ կթափվեն», - ասել է Թրամփը Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում։

Նա հավելել է, որ եթե մինչև իր կողմից նախագահի պաշտոնը ստանձնելը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ համաձայնագիր ձեռք չբերվի, ապա «տհաճ բաներ տեղի կունենան»։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ։ Եվս 250 մարդ գերեվարվել է, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ժամանակ։ Դեռ շուրջ 100 պատանդ գտնվում է ՀԱՄԱՍ-ի մոտ։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվերի թիվը գերազանցել է 45 000-ը։ 

 

  • Կիսվել: