Թրամփը սեպտեմբերի 28-ին հանդես կգա արհեստական բանականությանը վերաբերող հայտարարությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 28-ին Սպիտակ տանը հանդես կգա արհեստական բանականությանը (ԱԲ) վերաբերող հայտարարությամբ։ Այս մասին Չիկագոյից (Իլինոյս նահանգ) վերադառնալուց հետո Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հետ ունեցած զրույցում հայտնել է երկրի ղեկավարը։
Սպիտակ տունը տարածել է ամերիկյան առաջնորդի աշխատանքային ժամանակացույցը, ըստ որի՝ նա ելույթ կունենա Երևանի ժամանակով՝ 22:00-ին։ Լրագրողների այն հարցին, թե ինչին է նվիրված լինելու հայտարարությունը, Թրամփը պատասխանել է. «Ինչպես գիտեք, երեքշաբթի օրը հանդիպում ունենք «Anthropic»-ի հետ. սա կարևոր կլինի։ Իսկ այսօր երեկոյան ես ընթրելու եմ «Anthropic»-ի ղեկավար [Դարիո Ամոդեիի] հետ։ Այսօր՝ 22:00-ին, ընթրիք ունեմ «Anthropic» ընկերության ներկայացուցիչ Դարիոյի հետ, որը, ինչպես գիտեք, մեծ հարգանք է վայելում։ Նա է ղեկավարում «Anthropic»-ը»։
Ավելի վերջերս Ամոդեին նախազգուշացրել էր, որ վերահսկողության կորստի դեպքում ԱԲ տեխնոլոգիաները կարող են սպառնալիք դառնալ ողջ մարդկության համար։ Նա հայտարարել էր «Anthropic»-ի պատրաստակամության մասին՝ «դանդաղեցնելու [ԱԲ զարգացման] տեմպերն այնքան, որքան անհրաժեշտ կլինի թողարկվող ցանկացած տեխնոլոգիայի անվտանգությունն ապահովելու համար»։ Թրամփն իր հերթին կողմ է արտահայտվել արհեստական բանականության անխոչընդոտ զարգացմանը։



