հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Թրամփը պատրաստ է ՌԴ-ի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցությանը Ուկրաինայում խաղաղությունից հետո. WSJ

Թրամփը պատրաստ է ՌԴ-ի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցությանը Ուկրաինայում խաղաղությունից հետո. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է մնում Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում: Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրանց պնդմամբ՝ Թրամփը կցանկանար նախ հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների դեէսկալացիային, իսկ այնուհետև Մոսկվային ուղարկել նոր առաջարկ՝ ավելի տևական զինադադարի վերաբերյալ:

Ամերիկացի պաշտոնյաները WSJ-ի հետ զրույցում կարծիք են հայտնել, որ ԱՄՆ նախագահը պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ, որպեսզի, առաջին հերթին, իջեցնի վառելիքի գնի մակարդակը ԱՄՆ-ում, երկրորդ՝ Ռուսաստանին տնտեսական խթան առաջարկի բանակցություններ վարելու համար: Թերթի աղբյուրները հավելել են, որ Թրամփը բաց է ուկրաինական հակամարտության կարգավորումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ապագա տնտեսական հարաբերությունների համար:

Միևնույն ժամանակ, ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները դժգոհ են ԱՄՆ-ի գործողություններից այն բանից հետո, երբ Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակումը կասեցնելու սպառնալիքներին հաջորդեց Ուկրաինայում Starlink արբանյակային կապի համակարգի գործունեության սահմանափակումը, գրում է թերթը:

Սպիտակ տունը հրաժարվել է պարբերականին մեկնաբանել Starlink-ի հասանելիության հարցերը:

«Նախագահը և նրա թիմը պատրաստ են այսուհետ ևս կառուցողական դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի հարցում, նա նախկինի պես լավատեսորեն է տրամադրված ի վերջո խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորության հարցում»,- թերթին հայտնել են Սպիտակ տանը:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկու խորհրդական, կապի և անօդաչու համակարգերի ոլորտի մասնագետ Սերգեյ Բեսկրեստնովը հայտնել էր, որ SpaceX ընկերությունը գիշերը սահմանափակել է ուկրաինական բանակի համար Starlink արբանյակային ինտերնետի տերմինալների աշխատանքի արագությունը մինչև 160 կմ/ժ:

Ավելի ուշ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ Starlink համակարգը չի կիրառվում հարձակողական ռազմական գործողություններ վարելու համար, այն օգտագործում են միայն պաշտպանական և քաղաքացիական նպատակներով:

  • Կիսվել: