շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Թրամփը մտադիր է Գազայի հատվածում շինարարությամբ զբաղվել

Թրամփը մտադիր է Գազայի հատվածում շինարարությամբ զբաղվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կսկսի Գազայի հատվածում իրականացնել «երկրագնդի անշարժ գույքի ոլորտում ամենամեծ նախագիծը»:

«ԱՄՆ-ը կամաց-կամաց և խնամքով կսկսի շինարարությունը, ինչը կդառնա երկրի վրա անշարժ գույքի ոլորտում ամենամեծ նախագիծը: Ամերիկացի զինվորների կարիքը չի լինի», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «վերահսկելու է» Գազայի հատվածը և պատասխանատու է լինելու տարածաշրջանի վերականգնողական աշխատանքների համար, ինչպես նաև այն վերածելու է «մերձավորարևելյան ռիվիերայի» ամբողջ աշխարհի համար։

Միևնույն ժամանակ նա Գազայի հատվածն անվանել է «քանդման վայր» և ասել, որ դրա բնակիչները պետք է ընդմիշտ մեկնեն այլ երկրներ՝ նրանց բնակության համար առաջարկելով մասնավորապես Հորդանանը կամ Եգիպտոսը։

Թրամփը նաև չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է իր բանակն ուղարկել Գազա, և խոստացել է, որ անձամբ կայցելի այդ գոտի։

Ավելի վաղ հանրապետականները օրինագիծ էին ներկայացրել ԱՄՆ Կոնգրես, որով առաջարկվում է Հորդանան գետի արևմտյան ափի շրջանի անվանումը պաշտոնական փաստաթղթերում փոխարինել աստվածաշնչյան «Հրեաստան և Սամարիա» անուններով։

  • Կիսվել: