Թրամփը հրաման է ստորագրել Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային անվտանգության նախագահական հուշագիր է ստորագրել, որով վերականգնում է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության վրա առավելագույն ճնշումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։
Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ձեռքբերումը, ոչնչացնել Իրանի «ահաբեկչական ցանցը» և հակազդել Իրանի կողմից հրթիռների, ինչպես նաև այլ ասիմետրիկ և սովորական սպառազինությունների մշակմանը:
ԱՄՆ ֆինանսների նախարարին հանձնարարվել է առավելագույն տնտեսական ճնշում գործադրել Իրանի կառավարության վրա, այդ թվում՝ մեխանիզմներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք խախտում են գործող պատժամիջոցները:
Հուշագրում նաև նշվել է, որ պետքարտուղարը կհամագործակցի ֆինանսների նախարարի հետ իրանական նավթի արտահանումը զրոյացնելու արշավ իրականացնելու նպատակով: