Տարածքների հարցը պետք է լուծի միայն Ուկրաինան. եվրոպացի առաջնորդներ
Բեռլին ժամանած եվրոպացի առաջնորդները կոչ են արել ստեղծել բազմազգ ուժեր՝ Ուկրաինայի վերակառուցմանը և պաշտպանությանը նպաստելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նրանք Բեռլինում հանդիպումից հետո արված հայտարարության մեջ նշել են, որ խաղաղության պայման պետք է լինի Եվրոպայի գլխավորած ուժերի տեղակայումը, որը կազմված կլինի «ԱՄՆ-ի աջակցությունը վայելող վճռական կոալիցիայի մեջ մտնող երկրներից»։
Ըստ հայտարարության՝ այդպիսի ուժերի խնդիրները պետք է ներառեն «ուկրաինական զորքերի վերակառուցմանը նպաստելը, Ուկրաինայի երկնքի պաշտպանությունը և ծովային անվտանգության ապահովումը, այդ թվում՝՝ Ուկրաինայում գործողությունների միջոցով»։
Եվրոպացի առաջնորդները նաև հստակեցրել են, որ ամենադժվար հարցը՝ տարածքային զիջումները, պետք է լուծի միայն Ուկրաինան։
Ինչպես հաղորդվում է՝ հայտարարությունը, ի թիվս այլոց, ստորագրել են Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը, Լեհաստանի վարչապետը, Իտալիայի վարչապետը, Մեծ Բրիտանիայի վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը։


