Սուրբ Պետրոսի տաճարը ողջ գիշեր բաց է մնացել Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տվող մարդկանց մեծ հոսքի պատճառով
Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողների մեծ հոսքի պատճառով Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը, որտեղ տեղակայված է նրա դագաղը, գրեթե ողջ գիշեր բաց է մնացել։ Այս մասին հայտնում է իսպանական EFE գործակալությունը։
Չնայած որ պլանավորված էր Վատիկանի բազիլիկան փակել կեսգիշերին, սակայն որոշվել է այն բաց թողնել մինչև լուսաբաց՝ տեղական ժամանակով 05:30, որպեսզի շուրջ երեք ժամ հերթում սպասող մարդիկ կարողանան ներս մտնել՝ հարգանքի տուրք մատուցելու քահանայապետին։
Հրաժեշտի արարողությունը կտևի մինչև ապրիլի 25-ի տեղական ժամանակով ժամը 19:00-ն, որից հետո տեղի կունենա դագաղի փակման արարողություն։
Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին։ Հանդիսավոր պատարագից անմիջապես հետո, որին կմասնակցեն եկեղեցական և քաղաքական առաջնորդներ ամբողջ աշխարհից, Ֆրանցիսկոս պապը կհուղարկավորվի իր ընտրած մատուռում՝ Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկայում:
Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունները քննարկում են Հռոմի կենտրոնով հուղարկավորության երթ կազմակերպելու հարցը: