երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ստամբուլում ապրիլի 10-ին ռուս-ամերիկյան խորհրդակցություններ կանցկացվեն

Ստամբուլում ապրիլի 10-ին ռուս-ամերիկյան խորհրդակցություններ կանցկացվեն

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների  խորհրդակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին Ստամբուլում՝ ՌԴ գլխավոր հյուպատոսությունում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունում։

«Ռուս-ամերիկյան խորհրդակցությունները տեղի կունենան Ստամբուլում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունում», - ասել է գործակալության զրուցակիցը։

ՌԴ արտգործնախարարությունում ավելի վաղ հայտնել էին, որ խորհրդակցություններին ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը, ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը։

Պետքարտուղարությունում հայտարարել են, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկու երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքը, իսկ քաղաքականության, անվտանգության և Ուկրաինայի շուրջ իրադրության հարցերը խորհրդակցությունների օրակարգում ներառված չեն։

Ռուս-ամերիկյան նախորդ խորհրդակցությունները տեղի են ունեցել փետրվարի 27-ին Ստամբուլում՝ ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում, և տևել են ավելի քան վեց ժամ։ Ինչպես նշվել է հանդիպման արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, «քննարկումներն անցել են բովանդակալից ու գործարար մթնոլորտում»։ Դիվանագիտական ​​գերատեսչությունում հավելել են, որ «համաձայնություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունն այդ ճանապարհով»:

 

  • Կիսվել: